Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով:
Նախ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին անհարիր Դավիթ Տոնոյանին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2018 թ. տվյալ պաշտոնին նշանակելով, ընդ որում, նշանակելով մի պաշտոնյայի, որի վերաբերյալ մամուլում մինչ այդ եղել է հաղորդում հանցագործության մասին, և որն անտեսվել է օրվա իշխանության կամակատար ՀՀ գլխավոր դատախազի կամ դատախազության կողմից:
Երկրորդ. 2020 թ. նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությամբ, որ, ինչպես վկայում է քննիչ հանձնաժողովի ձեռք բերած հսկայածավալ տեղեկատվությունը, Ապրիլյան պատերազմից հետո պետք է պարզ լիներ` «մենք շատ ժամանակ չունենք, բանակը պետք է բերվեր այն վիճակին, որ պատրաստ լիներ լայնածավալ պատերազմի»:
Շարունակելով իր խոսքը՝ Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Դրանք այն խնդիրներն են, որոնք պետք է գոնե նոր իշխանությունները 2018 թվականից մինչև 2020 թվականը բանակը բերեին այն վիճակին, որպեսզի պաշտպանական գերատեսչությունը կարողանար, հաշվի առնելով հակառակորդի կուտակած սպառազինությունը և կառավարման իր որակի բարելավումը, մենք պատերազմի, մարտեր վարելու ընթացքում կարողանայինք չեզոքացնել այն հիմնական բաները, որ էսօր կոչվում է «Բարյաքթար»:
Այնուհետև պարոն Քոչարյանը թվարկել է թշնամու ունեցած արդիական սպառազինության մի շարք այլ տեսակներ` գերճշգրիտ հրթիռներ, «SOM» թևավոր հրթիռներ, «Спайк» («Spike NLOS») հակատանկային հրթիռային համալիրներ, նշել նաև Թուրքիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ կառավարման հնարավորության մասին, որոնք առավել անհրաժեշտություն էին դարձնում ՀՀ նոր իշխանությունների կողմից բանակը նախապես այն վիճակին բերելը, որ այն պատրաստ լիներ լայնածավալ պատերազմին և վերոնշյալ հնարավորություններն ունեցող հակառակորդին դիմագրավելուն: Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն ակնարկել է մեր ինժեներական կառույցների անբավարար վիճակի մասին, որին նախաքննության մարմինը նույնպես պետք է ուշադրություն դարձնի:
Երրորդ. լրագրողների հետ նույն զրույցում ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ նշված հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մի շարք այլ հայտարարություններով: Վերջինս ոչ միայն շատ տարօրինակ է համարել, որ տվյալ պահին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեռ հրաժարական չի ներկայացրել, այլև հայտնել է, որ վաղը, ինչպես ինքն ասել է վարչապետին, նախաձեռնելու է հանձնաժողովի ընդլայնված նիստ, հրավիրելու է պաշտպանության նախարարին և նրան ուղղելու է որոշակի իրեն վերաբերող հարցեր:
«Վերջապես մի պարզ հարց տամ՝ էդ ՍՈՒ-30-ներն ինչո՞ւ չթռան,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:- Բա ես պետք է Տոնոյանին հարցնեմ՝ պարոն Տոնոյան, դուք նկարահանվում էիք, նստում էիք… Մենք պետք է ձեռք բերեինք այնպիսի միջոցներ… Ես պարոն Տոնոյանին պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, երբ որ դուք 2016 թվականի ապրիլի 12-ին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, որ հակառակորդն օգտագործել է անօդաչու, դուք ասում եք՝ անօդաչուն թանկ է, մենք գրանատամյոտով կխփենք… Էդ գիտե՞ք ինչ ա, էդ նշանակում ա, որ նախարարն այն ժամանակվա, առաջին՝ չի տիրապետում այդ վտանգներին, որ օդից կարող են իրականացվել արդեն այդ ժամանակ թեկուզ իսրայելական հարվածային «Harop»-ների (հարվածային ԱԹՍ-ներ.- Ա.Հ.) կողմից: Բայց դա հարցի դեռ սկզբնական մասն ա…»։
Այո, նշվածը հարցի դեռ սոսկ սկզբնական կամ մի չնչին մասն է. եթե «Ազատություն» ռադիոկայանին Դավիթ Տոնոյանի վերոնշյալ պատասխանը դիտարկում ու քննում են այլ փաստերից մեկուսի, սոսկ առանձին վերցրած, կարող ենք եզրակացնել, որ նա բացարձակապես անհարիր է եղել տվյալ պահին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, իսկ հետագայում նաև ՀՀ պաշտպանության նախարարի իր զբաղեցրած պաշտոններին, չի տիրապետել տվյալ պաշտոնների համար պահանջվող տարրական գիտելիքների, ու «մխիթարվել» նրանով, որ Տոնոյանը գոնե լավ է, որ ոչ թե պարսատիկով, այլ նռնականետով է հնարավոր համարել թշնամու ԱԹՍ-ների դեմ պայքարը: Սակայն երբ Դավիթ Տոնոյանի այս, մեղմ ասած, խայտառակ պատասխանը դիտարկում, քննում, վերլուծում ենք նրա կողմից հանցավոր անգործության ու մի շարք գործողությունների համատեքստում, տեսնում ենք, որ առկա են նրան նույնպես պետական դավաճանության մեջ մեղադրելու կամ դրանում առնվազն կասկածելու հիմքեր:
Չորրորդ. լրագրողների հետ հիշյալ զրույցում Անդրանիկ Քոչարյանի հայտնածով, որ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացության մեջ «հստակ նշված են մեր ռազմաօդային ուժերի վիճակը, հակաօդային ուժերի վիճակը, հարվածային ուղղությունները, Թուրքիայի մասնակցության հնարավորությունը», այսինքն` այդ ամենը մինչև 2020 թ. սեպտեմբերյան պատերազմը հայտնի են եղել Նիկոլ Փաշինյանին ու Դավիթ Տոնոյանին:
Հինգերորդ. նույն զրույցում Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությամբ, որ բանակից տարբեր պատճառաբանություններով զորացրել են 40 տարեկան շատ արժեքավոր տղաների (սպաների), նրանց թվում նաև` այս պատերազմի ընթացքում զորացրել են 42 տարեկան Ռոման Գաբրիելյանին` հակադիվերսիոն գործողությունների ընթացքում հատուկ նշանակության բրիգադի ղեկավարին, «նրան հանել են տարիքի հետ կապված, 42 տարեկան, գնդապետ, 13 տարեկանից Մոնթեի դպրոցի շրջանավարտ և այլն»:
Վեցերորդ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին Դավիթ Տոնոյանի նշանակման առնչությամբ ՀՀ Ազգային ժողովի համապատասխան` պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դժգոհություններն անտեսելով, որոնք, ըստ լրագրողների հետ նույն զրույցում նշված հանձնաժողովի նախագահի հայտնածի, ինքը տարբեր առիթներով ներկայացրել է:
Յոթերորդ. Ադրբեջանի կողմից սպասվող լայնածավալ պատերազմին պատշաճ նախապատրաստվելու, 2016 թ. ապրիլյան պատերազմից ի վեր թշնամու ներկայացրած նոր մարտահրավերներին մեր բանակի կարողությունները համապատասխանեցնելու, մասնավորապես` թշնամու ունեցած ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ համապատասխան ՀՕՊ և ՌԷՊ միջոցներ, հարվածային ու հետախուզական համապատասխան ԱԹՍ-ներ, համապատասխան քանակի ու կարողությունների համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու դրանց բավարար քանակի արկեր, առավել հեռահար հակատանկային հրթիռային համալիրներ (օրինակ, «Корнет-Д»), համապատասխան այլ սպառազինություն, բավարար քանակի և որակի զրահաբաճկոններ, գիշերային դիտման սարքեր, թշնամու զինվորների ու տեխնիկայի մոտենալը հեռվից ցույց տվող տվիչներ ձեռք բերելու փոխարեն, նախապես հայտնի, ակնհայտ այդ անհրաժեշտություններն անտեսելով, Նիկոլ Փաշինյանի, նրա քաղաքական թիմի ու ձևավորած իշխանության բազմաթիվ անդամների կողմից պետության ունեցած միջոցները մսխելով, վատնելով:
Առաջնահերթություն հանդիսացող վերոնշյալ անհրաժեշտությունների պայմաններում ահռելի` միլիարդավոր դրամների հասնող պետական միջոցների վատնումն արտահայտվել է արտերկիր Փաշինյանի և այլոց գերթանկարժեք ճամփորդություններով ու վարչապետին սպասարկող նոր ինքնաթիռի ձեռքբերմամբ, բազմաթիվ անձանց տևական ժամանակ, ընդ որում, նույնիսկ պատերազմի ընթացքում պարգևավճարներ ու հավելավճարներ տալով, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից այդ գործընթացը կասեցնելու, արգելելու փոխարեն, խրախուսելով, արդարացնելով ու պաշտպանելով, 2018-2020 թթ. ընթացքում մեր պետության հնարավորություններին անհարիր տոնական թանկարժեք միջոցառումներ կազմակերպելով (դրանց սոսկ մի մասի վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ), ԱԺ-ում և այլուր օգտագործելու համար տասնյակ միլիոնավոր դրամների կոնյակներ գնելով, առկա մարտահրավերներին անհամապատասխան ռազմական տեխնիկա ու սպառազինություն ձեռք բերելով և այլն, և այլն:
«Հայելի» ակումբում նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանի հավաստմամբ, հց 30 հԾ կործանիչներից որևէ մեկը 2020 թ. աշնանային պատերազմի ընթացքում չի կրակել:
Գեներալ- գնդապետն ասել է նաև. «Ես երկրի ղեկավարին` վարչապետին, անձամբ իր կաբինետում նստած, ասել եմ… հց 30-ները ձեռք են բերել, ես իմացել եմ արդեն, որ պայմանագիրը կնքված է, բայց դրանից հետո ես իրեն ասել եմ (չի կարա բառերը հերքի) որ սրա համար հանցագործություն եք կատարելու, և սրա համար պատասխան եք տալու: Պատասխանը. ասեց` դա արդեն արել ենք»:
Су 30-ների ձեռքբերմամբ հանցագործություն կատարելուց բացի (ընդգծեմ, որ նշված կործանիչների գնումը Հայաստանի և Արցախի պաշտպանունակության համար ունեցել է գրեթե զրոյական արդյունք), Մովսես Հակոբյանը թերևս ակնարկել է ներկայիս իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից հիշյալ կործանիչների գնմամբ թույլ տված կոռուպցիոն գործարքի մասին: Դե, եթե ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, գլխավոր դատախազությունն իրենց տեղում ու դերում են, թող գնան պարզեն, թե վերոնշյալ կործանիչների գնման գործարքում արդյոք չի՞ եղել «ատկատ»…
«Այդ Су 30-ները և «Оса»-ն, երբ որ ես եղել եմ դեպարտամենտի պետ, գլխավոր շտաբի պետ, դրանք վաճառողները, աշխարհի որ երկիր գնացել եմ հյուրանոց, իրենք ֆոյեում ինձ սպասում էին, որպեսզի դրանք վաճառեն ինձ,- ասել է գեներալ- գնդապետը:- Զենքի վաճառքն այդպես է, այսինքն` անընդհատ ամեն ձևի պրպտում են, որ վաճառեն քեզ ինչ-որ բան: Աշխարհի որ երկրի հյուրանոց գնացել եմ, հյուրանոցի ֆոյեում այդ մարդիկ ինձ սպասում էին: Ես հետո իմացա իմ մարշրուտս ով է տալիս` ես որտեղ եմ գտնվում, որ իրենք հայտնվեն այնտեղ, փորձեն ինձ համոզել, որ դա ձեռք բերենք, որովհետև այդ Су 30-ներն ինձ համոզել են 2016 թվականից, որ անհրաժեշտ է ձեռք բերել: Ես մերժել եմ, հիմնավորել եմ երկրի նախագահին՝ ինչու դա մեզ պետք չէ:
Եվ չի կարա այսօրվա իշխանությունը հերքի, որ ինքը զենք ա ձեռք բերել` չկարդալով Ռուսաստանի կառավարության որոշումը, որ զինամթերքը իրենց չեն վաճառելու: Այն զինամթերքը, ինչի համար որ ձեռք են բերել, որը գովազդում են, որ դա հակաօդային` «օդ-օդ» հրթիռներ կարող է կրակել մինչև 130 կիլոմետր, Ռուսաստանի կառավարության որոշմամբ արգելված է այդ զինամթերքը երկրորդ երկրին վաճառելը: Եվ դրա համար մեր հց-երը (СУ 30 СМ-ները.- Ա.Հ.) այսօր գտնվում են մեր երկրում առանց զինամթերքի»:
Անձամբ ես ճիշտ հակառակ կարծիքին եմ` այսօրվա իշխանությունը Су 30 СМ-ները ձեռք է բերել նախապես կարդալով կամ իմանալով, որ, ՌԴ կառավարության որոշման համաձայն, դրանց հետ չեն վաճառվելու մինչև 130 կիլոմետր հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռները, այսինքն` Су 30 СМ-ները լինելով բազմանպատակային կործանիչներ, առանց նշված հրթիռների, չեն ծառայելու հակաօդային պաշտպանության նպատակին, կամ ծառայելու են խիստ թերի, եթե նույնիսկ դրանց հետ տրվելու են կամ հետագայում դրանք զինվելու են փոքր հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռներով: Հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը թող հրապարակավ հայտարարեն, թե իրենք անտեղյակ են եղել ՌԴ կառավարության հիշյալ որոշմանը, չեն իմացել այդ մասին: Հասկանո՞ւմ եք, չէ՞, թե դրանով ինչ կխոստովանեն…
Су 30 СМ-ները Հայաստան են բերվել կամ բերվելուց հետո զինվել «օդ-երկիր» դասի հրթիռներով, որոնցով մինչ այդ զինված էին և այժմ էլ զինված են մեր հին սերնդի հց- 25 գրոհիչները: Հարկ է ընդգծել, որ այդ հրթիռները բացարձակապես անպիտան են թշնամու ԱԹՍ-ները, ինքնաթիռները և ուղղաթիռները խոցելու համար: Այսպիսով թանկարժեք Су 30 СМ-ները լինելով 4++ սերնդի բազմանպատակային կործանիչներ, առանց «օդ-օդ» դասի հիշյալ հրթիռների, հայկական կողմի կապիտուլյացիայով ավարտված աշնանային պատերազմի ընթացքում, ինչպես Մովսես Հակոբյանն է հայտարարել, չեն կրակել, այսինքն` չեն խոցել թշնամու որևէ ԱԹՍ, ինքնաթիռ կամ ուղղաթիռ:
Հենց վերը նշված պատճառով է, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 10:00-ից սկսած, Թուրքիայի օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը կարողացել են մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ հասցնել Արցախի Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Ի վերջո, հենց հիշյալ հրթիռներով զինված չլինելու պատճառով է, որ մեր Су 30 СМ-ները սեպտեմբերի 29-ի առավոտյան գործի չեն դրվել, համենայն դեպս, «օդ-օդ» դասի որևէ հրթիռ չեն արձակել, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներն ապահովել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք բնակավայրերի և ՀՀ ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները, Су 30 СМ-ների փոխարեն, գործի են դրվել ՀՀ ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 գրոհիչները կամ գրոհիչը:
Այդ օրը մի խայտառակ և մասնագիտական առումով անգրագետ հաղորդագրությամբ հանդես եկավ «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածը: ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ է կատարել յուրային ավիացիան։
ՀՀ օդային տարածքում մարտական խնդիր կատարելիս, հակաօդային և օդային մարտերի ընթացքում, Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից խոցվել է ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 ինքնաթիռը:
Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է»:
Բնականաբար, հարց է առաջանում` եթե օդային մարտերի մասին նշել են, հակաօդային մարտե՞րը որոնք են, կամ եթե հակաօդային մարտերի մասին նշել են, օդային մարտե՞րը որոնք են… Պարզ է, որ ՊՆ-ն ճոխացնելու մարմաջով տարված, անհեթեթություն է դուրս տվել: Բայց առավել էականը ոչ թե սա է, այլ այն, որ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ կատարելու նպատակով տվյալ գործողության վայր է ուղարկվել ՍՈՒ-25, որը ոչ թե կործանիչ է, այլ հին սերնդի (առաջին թռիչքը կատարել է 1975 թ.) դանդաղընթաց (մինչձայնային արագության, առավելագույնը` ժամում մինչև 950 կմ) գրոհիչ` նախատեսված հիմնականում այլ նպատակների համար:
Զինված լինելով փոքր` մինչև 10 կմ հեռահարության P-60 (AA-8) «օդ-օդ» դասի հրթիռներով, ՍՈՒ-25-ը չէր կարող խոցել «Բայրաքթար» ԱԹՍ-ն կամ ամերիկյան արտադրության F-16-ը, որոնք մի շարք առումներով գերազանցում են իրեն: Պարզ է, որ օդային մարտի դեպքում առավելությունը միանշանակ F-16-ինն է, որն առանց դժվարության կարող է կործանել ՍՈՒ-25-ը: Մինչդեռ ճիշտ հակառակը կարելի է ասել, եթե գործի դրվեր Су 30 СМ կործանիչը` պայմանով, որ այն ունենար բավարար հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռներ: Այդ դեպքում այն կկարողանար իր հզոր ռադարով ոչ միայն հայտնաբերել և ուղեկցել, այլև նշված հրթիռներով խոցել թշնամու F-16-ները մեծ հեռավորությունից: Ինչպես նշված է ՊՆ վերոնշյալ հաղորդագրության մեջ, «Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա», այսինքն` այն մեր ՍՈՒ-25-ի վրա հրթիռն արձակել է՝ գտնվելով Ադրբեջանի տարածքում, ՀՀ օդային սահմանից 60 կմ հեռավորության վրա»:
Վերը նշվածի առումով ակնհայտ է, որ մեր ՍՈՒ-25-ի օդաչուի զոհվելու մեղքը ծանրացած է Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Տոնոյանի, թերևս նաև ՀՀ ՊՆ նախկին ու ներկա այլ պաշտոնյաների խղճին, որոնք նաև դրա համար են ենթակա քրեական պատասխանատվության:
հց 30 հԾ-ների գնման համար Հայաստանը, ըստ համացանցում հրապարակված տեղեկությունների, ծախսել է 120-130 մլն ԱՄՆ դոլար, ինչպես «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանն է իր ֆեյսբուքյան էջում գրել, «ՀՀ պաշտպանության բյուջեից 130 մլն դոլար մսխվել է 2 անգամ Նիկոլի սելֆի անելու համար»:
Մինչդեռ, ըստ հայկական ռազմական պորտալի, Су 30 СМ-ների գնման վրա վիթխարի միջոցներ ծախսելու փոխարեն, անհրաժեշտ էր 100 միլիոն դոլարով գնել տարբեր գործառույթների անօդաչուներ, գերադասելի է` չինական արտադրության: Ռազմական պորտալը նշել է նաև, որ չինական երկու «Wing Loong» հարձակողական ԱԹՍ-ն Հայաստանի զինված ուժերին կարժենար ընդամենը 1-2 միլիոն դոլար, ավելին` կան նույնիսկ ավելի էժան չինական ԱԹՍ-ներ` համեմատելի թուրքական «Bayraktar TB2»-ների հետ:
Այսպիսով առանց համապատասխան հրթիռների, Су 30 СМ-ների գնումը եղել է ՀՀ ֆինանսական միջոցների հանցավոր վատնում, ինչն այլ փաստերի հետ, դրանց համատեքստում վկայում է, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն:
Համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք այլ փաստերի համակցությամբ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ